National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.04.2018
Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում
1 / 1

Մեծարգո պարոն Սարգսյան,

հարգելի գործընկերներ,

այսօրվա օրակարգի հարցը վճռորոշ նշանակություն ունի մեր պետության համար:

Երկրի վարչապետի ընտրությամբ, ըստ էության, մենք վերջնականապես անցում ենք կատարում Սահմանադրությամբ ամրագրված՝ կառավարման նոր համակարգին, ինչն ավելի մեծ կարեւորություն է տալիս այսօրվա մեր քննարկումներին:

Շնորհակալ եմ կարծիքների բաց փոխանակության համար, բայց ցավում եմ, որ այս օրերին մեր որոշ գործընկերներ բազմակարծության այս դահլիճում իրենց անհամաձայնությունն ու դժգոհություններն ազատորեն արտահայտելու փոխարեն նախընտրեցին փողոցային պայքարը, որը խաթարեց կայունությունը եւ հանգեցրեց բախումների, ինչի արդյունքում, ցավոք, ունեցանք վիրավորներ:

Հարգելի պատգամավորներ,

հասարակությունը դրական փոփոխություններ է ակնկալում, միեւնույն ժամանակ, հասարակության համար չափազանց կարեւոր է երկրի կայունությունը:

Սերժ Սարգսյանն այն անհատն է, ում անվան հետ են կապվում մեր երկրի անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաեւ վերջին տարիների տնտեսական եւ քաղաքական հաջողությունները: Այն արտաքին իրավիճակը, որում գտնվում ենք մենք՝ որպես պետություն, պարտադրում է ընթանալ անցնցում փոփոխությունների ճանապարհով:

Պետական ու քաղաքական գործչի իր կենսագրությամբ Սերժ Սարգսյանը ցույց է տվել, որ կառավարելն ու ղեկավարելը ենթադրում են պատասխանատվություն ստանձնելու եւ այն արժանապատվորեն իրացնելու կամք ու խիզախություն:

Նա այն ղեկավարն է, ում հանդեպ վստահությունը պայմանավորված է իր անցած ճանապարհով, կենսագրությամբ, պետական ու քաղաքական բազմամյա գործունեությամբ:

Նա իր կյանքի ճանապարհն անցել է Արցախյան պատերազմի, Հայաստանի եւ Արցախի պետականաշինության գործընթացների միջով: Այդ բոլոր գործընթացներում նա միշտ էլ ունեցել է առանցքային դերակատարություն` պատասխանատու լինելով իսկապես կենսական ոլորտների համար:

Որպես պատերազմի դժվարությունները, զինվորի եւ կամավորի ցավն ու ուրախությունը տեսած եւ կիսած հրամանատար՝ նա շատ լավ գիտի խաղաղության գինը:

Այդ խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի, եւ միանշանակ է, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի, ինչն էլ պնդում է Հայաստանի Հանրապետությունը բանակցային բոլոր գործընթացում: Այդ մասին բազմիցս վստահորեն հայտարարել է Սերժ Սարգսյանը, այդ թվում` ՄԱԿ-ի բարձր ամբիոնից:

Մեծ է Սերժ Սարգսյանի ներդրումն այն բանում, որ ներկայումս Հայաստանը միջազգային ասպարեզում ընդունվում է որպես հավասարակշռված, հուսալի եւ վստահելի գործընկեր, որը դավանում է համամարդկային արժեքներ, առաջնորդվում խոսքի ազատության եւ մարդու մյուս հիմնարար իրավունքների ու ազատությունների ժողովրդավարական չափանիշներով:

Այսօր մենք այն պետությունն ենք, որը ոչ թե հակադրում է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության վեկտորները, այլ` հաջողությամբ համադրում դրանք:

Հարգելի գործընկերներ,

Սերժ Սարգսյանը մեկ անգամ արդեն, թեպետ կարճ ժամանակ, զբաղեցրել է հանրապետության վարչապետի պաշտոնը:

Սակայն այն, ինչ նա պետք է իրականացնի ընտրվելուց հետո, որպես երրորդ հանրապետության նոր վարչապետ, ենթադրում է ուժերի ու կարողությունների առավելագույն կենտրոնացում, պատասխանատվության շատ ավելի բարձր աստիճան:

Տասը տարի առաջ Սերժ Սարգսյանը երկրի նախագահի պաշտոնը ստանձնեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Այսօր վստահորեն կարող ենք արձանագրել, որ նրա ղեկավարությամբ Հայաստանը կարողացավ արժանապատվորեն դուրս գալ այդ բարդ իրավիճակից:

Օրեր առաջ ես մասնակցում էի ԱՊՀ անդամ 6 երկրների խորհրդարանների նախագահների խորհրդակցությանը Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում: Հպարտություն ապրեցի, երբ համակարգող նախարար Վալովայան ներկայացրեց այն ցուցանիշները, որոնք բացառապես առաջին տեղ էին մղել Հայաստանը: Բոլոր ցուցանիշներով 2017 թվականին Հայաստանն առաջատար էր:

Սերժ Սարգսյանի քաղաքական փորձն ու սթափությունը թե' արտաքին, թե' ներքին հարցերում, ժամանակի ու պահի նուրբ զգացողությունն այսօր կենսական են մեր պետության համար:

Լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին, ծանոթ լինելով նրա կազմակերպչական ունակություններին եւ բարձր գնահատելով նրա մարդկային որակը` համոզված եմ, որ նա հենց այն առաջնորդն է, ում լայնախոհությունն ու փորձառությունը շատ կարեւոր են այսօր մեր ժողովրդի կյանքին վերաբերող կարեւոր որոշումներ ընդունելիս:

Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունը կանի ամեն ինչ, որ ունենանք ավելի կազմակերպված ու համախմբված Հայաստան` պաշտպանված սահմաններով ու պաշտպանված ազատ շուկայով.

- որպեսզի մեր քաղաքացին կարողանա բարեկեցիկ կյանքով ապրել, աշխատել ու ստեղծագործել ի՛ր հայրենիքում` Հայաստանում,

- որպեսզի յուրաքանչյուր հայաստանցի երաշխիք ունենա, որ իր երեխաներն ապրելու են ավելի առաջադեմ ու ապահով երկրում:

Շնորհակալություն:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am